Այսօր Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում տեղի ունեցավ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցում էր նաև Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները:
Բարոնուհին անդրադարձավ Արցախի նկատմամաբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականությանը եւ շրջափակմանը: Նա նաև նշեց, որ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Տեղ համայնք իր այցի ընթացքում անձամբ է ականատես եղել Արցախի շրջափակմանը` ադրբեջանական անօրինական անցակետով:
Նա մտահոգություն հայտնեց այն մասին, որ միջազգային հանրությունը պատասխանատվության միջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ:
Քերոլայն Քոքսը շեշտեց, որ մինչ օրս այլ պետությունները պատշաճ չեն արձագանքել Արցախի մտահոգություններին այնտեղ տիրող իրավիճակի առնչությամբ:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և տնտեսական շահերի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից:
Այդպիսով, ավելի քան 120,000 բնիկ հայ պետք է ստիպված դառնան հայատյաց ավտորիտար պետության քաղաքացի՝ ստիպված լինելով զիջել իրենց ազատությունն ու սեփական հողում ազատ ապրելու իրավունքը:
Բարոնուհին նշեց նաև՝ ինչ հիմա արվում է Արցախի նկատմամբ, շատ հավանական է, որ հետագայում կարվի նաև Հայաստանի նկատմամբ:
Բարոնուհի Քոքսն հանդիպման ավարտին հայտնեեց, որ շարունակելու է պայքարն ադրբեջանական վայրագությունների եւ պատերազմական հանցագործությունների մասին միջազգային հանրությանն իրազեկելու հարցում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբներն իր հերթին ասաց, որ Արցախում էթնիկ զտումները երեսուն տարի անց դեռ շարունակվում են։