Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ադրբեջանցիները շարունակում են մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը:
Արցախի օկուպացիայից և էթնիկ զտումից հետո ադրբեջանցի վանդալների ձեռքով ավերվում ու պղծվում են հազարավոր հայկական եկեղեցիներ, տաճարներ, մշակութային ու պատմական հուշարձաններ:
Չնայած Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թ.-ին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին, ըստ որի Ադրբեջանը պարտավոր էր օկուպացրած տարածքներում ապահովել հայկական ժառանգության պահպանումը, ադրբեջանցիները միևնույնն է անտեսում են ցանկացած բանաձև և իրականացնում են հայկական մշակույթի ժառանգության ոչնչացման իրենց ծրագիրը:
Ադրբեջանցիների կողմից պղծվել է Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը:
Ադրբեջանցի բլոգերներից մեկը, ով համացանցում աչքի է ընկնում հայատյացությամբ, հայերի նկատմամբ ծաղրական տեսանյութերով և անհանդուրժողականության քարոզով, տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիների կողմից պղծված է 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը: Հուշարձանը ներկված է կարմիր ներկով, պղծված տարբեր գրություններով, քանդված են ներքևի հատվածները:
Այս ամենի նպատակը շատ պարզ է՝ ջնջել հայկական հետքն ու ոչնչացնել այն ամենը, ինչ հիշեցնում է հայերին: