Ադրբեջանական իշխանության կողմից Արցախի առաջնորդների, հանրային-պետական գործիչների, ինչպես նաև զինվորականների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:
Ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, վրեժի շարժառիթով իբր ցույց տալ սեփական թվացյալ առավելությունները երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու և մեր ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:
Ուստի, պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական իշխանություններից սպասել որևէ արդարացիություն, պարզապես անիմաստ է:
Այս պայմաններում ապրիլի 5-ից (արդեն 17 օր) Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլը պայքար է` աշխարհի ուշադրությունը հրավիրելու կատարվող բացարձակ անօրինական գործընթացի վրա և հասնելու բոլոր գերիների ու պատանդների ազատ արձակման։
Սա միայն անձերի հարց չէ, սա մեր երկրի, մեր արժանապատվության հարցն է։
Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անդադար գործելու, անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար: