«Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցելու Երուսաղեմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործում:
Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները վտանգավոր նշաձող են ավելացրել արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։ Որպեսզի պարզ լինի մենք միասնական ձայնով հայտարարում ենք, որ Կովերի այգու հետ կապված ցանկացած գործարք առոչինչ է, սպառնում է մեր գոյությանը որպես համայնք և խախտում մեր սեփականության իրավունքները։
Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին ՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել «Հին քաղաքի» խճանկարը:
Մենք բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու Հայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։
Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, խթանումը և նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերության հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։
Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ աջակցությամբ Իսրայելի ոստիկանության։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են:
Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են, ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնց պաշտպանում են նրանց»։