Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Արցախում, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը` Հայաստանում:
Հավաքագրվել են ապացույցներ, որոնք վերլուծվել անգլերեն նոր համատեղ զեկույցում, որը ցույց է տալիս Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» պատճառով երեխաների իրավունքների ոտնահարումները:
Մասնավորապես, զեկույցում արձանագրվել են բոլոր այն առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրները, որոնք առաջ են եկել երեխաների համար ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով:
Ընդամենը մի քանի օրինակ.
Արցախի Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ «վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով»:
Բազմաթիվ երեխաներ դեռևս շարունակում են բաժանված մնալ իրենց ընտանիքներից ճանապարհի փակ լինելու հետևանքով, որը հանգեցնում է հոգեբանական լուրջ խնդիրների:
Կան երեխաներ, որոնք ունեն հատուկ դեղորայքի կարիք, որն անհնար է գտնել Արցախում։
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին բնորոշ շատ են հիվանդ երեխաների թիվը, որոնց բուժումը դժվարանում է հակաբիոտիկների բացակայության պայմաններում:
Հիվանդացած երեխաները ստիպված անցնում են լրացուցիչ զրկանքների միջոցով, առավել ևս, որ պարբերաբար անջատվում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը:
Երեխաների համար կաթնախարնուրդների բացակայությունը ծնողներին ու երեխաներին դրել է լրացուցիչ խնդիրների առաջ:
Սննդի պաշարները գրեթե սպառված վիճակում են:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին երեխաներից մեկի ներկայացրած վկայության համաձայն՝ շրջափակված ճանապարհով Հայաստանից Արցախ մեկնելիս, երբ իրենց «էկոակտիվիստների» հռչակած մարդիկ մուտք էին գործել երեխաների ավտոբուս և ահաբեկել, իր մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ ու վախ, մտածել է, որ իրենց կտեղափոխեն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք և այլևս երբեք չի կարողանա տեսնել ծնողներին:
Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը:
Անգլերեն կազմված համատեղ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, կներկայացվի ՀՀ պետական մարմիններին և մասնագիտացված կազմակերպություններին:
Զեկույցի հղումը`