Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ու հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր` Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։
Եղել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղերում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Բազմաղբյուր, Սասունիկ, Գիտավան բնակավայրերում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քննարկել են մարդկանց խնդիրները, որոնք էլ ավելի են խորացել պատերազմի հետևանքով։
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կա ՀՀ զոհված զինծառայողի մարմին, որը ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածներում է, որտեղ նեխուժել են ադրբեջանական զինված ուժերը և գտնվում են նրանց վերահսկողության ներքո: Զինծառայողի մարմինը դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Այս հանգամանքը, բնականաբար, ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ընտանիքին։ Սա ադրբեջանական իշխանությունները հատուկ են անում և դա կազմում է տարիների հայատյաց քաղաքականության մասը, որ կիրառում են բոլոր ոլորտներում:
Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման կամ դրանց նպաստելու ուղղությամբ հիմնադրամը քայլեր կձեռնարկի, ըստ անհրաժեշտության տրվել են իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդումներ։
Հ․Գ․ Ընտանիքների համար Fortuna Home & Country House խանութ սրահը համագործակցության շրջանակում տրամադրել էր որոշակի իրեր, որոնք այցերի ընթացքում փոխանցվել են նրանց։