Սեպտեմբերի 20-ին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ստեղծման մասին։ Նա ասուլիսի ժամանակ նշել է, որ հիմնադրամի ֆինանսական աջակիցներն են Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մեր հայրենակիցները. հինադրամը չունի որևէ օլիգարխի ֆինանսավորում։
«Ես իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն։ Այն օրհասական հարցերը, որոնք կան, պետք է արձանագրել և այն բացերը, որոնք կան, լրացնել»,- շեշտել է Արման Թաթոյանը։
Նա ներկայացրել է նաև Հիմնադրամի կողմից պատրաստված առաջին զեկույցը «Ադրբեջանական շարունակվող ատելության քաղաքականությունը հայերի նկատմամբ․ պետության կողմից հովանավորվող վայրագությունների մոտիվացիան» վերնագրով։
Զեկույցում տեղ են գտել սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով արձանագրված խոշտանգումները, պատերազմական մյուս հանցագործությունները։
Հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նշել է, որ այդ պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրումն ունի ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքեր ապահովելու նպատակ։
«Ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քաղաքականության երկու հիմքերը, որոնք եղել են, այդպես էլ կան՝ կրոնական և էթնիկ, ինչը դրսևորվում է ամենադաժան հանցանքներով, հանցանքների խրախուսմամբ»,- ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։
Նա տեղեկացրել նաև, որ Հիմնադրամում բոլոր աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են, որոնք պրոֆեսիոնալներ են և ունեն ճգնաժամային իրավիճակներում աշխատելու մեծ փորձառություն։