Անվտանգությանն առնչվող մարտահրավերների դեմ հաջող պայքարի համար մեզ անհրաժեշտ են իրական գիտելիքներ: Գիտելիքի բացակայության կամ կիսատ գիտելիքի հետևանքներն անդառնալի բացասական են հատկապես պետության համար, որ ցավոք ինքներս ենք զգացել: Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Վ․ Բրյուսովի անվան պետական [լեզվաբանական] համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։
Նա ներկայացրել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանային համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմից, 44-օրյա պատերազմից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, լուծումների տարբերակները:
Արման Թաթոյանը շեշտել է, որ անվտանգությանն առնչվող մարտահրավերների դեմ հաջող պայքարի համար մեզ անհրաժեշտ են իրական գիտելիքներ: Պետք է ճիշտ իմանանք ու ներկայացնենք աշխարհին մեր երկրի դարավոր պատմությունը, առաջ տանենք անվտանգության ու մեր իրավունքների, մեր արժանապատվության հարցերը։
Ուսանողներին հորդորել է բաց չթողնել հնարավորությունն ու ժամանակը նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում, քանի որ իրական գիտելիք ունեցող մարդիկ են անվտանգ ու ուժեղ պետության երաշխավորը։